Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել լիազորությունները ժամանակավորապես կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը։ Այս մասին տեղեկությունը armeniatoday-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
«Դատարանի որոշումը ենթադրում է, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը ենթակա է կարճման»,- ասաց փաստաբանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել է նաեւ դատարանի որոշմամբ։