ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլ ամսվա հարկային պատմական հավաքագրումների մասին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարությանը։
«Դա պայմանավորված էր 2020 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարի մեխանիզմի վերաբերյալ կատարված օրենսդրական փոփոխությամբ, երբ մենք փոխեցինք այդ հաշվարկման մեխանիզմը և դրա արդյունքում 2020 թվականի ընթացքում, որ պետք է շահութահարկը ավել հավաքագրեինք, դա տեղափոխվեց 2021 թվական, և տեղ գտավ 2021 թվականին ապրիլ ամսվա հավաքագրվող եկամուտների շարքում»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա է եղել այն հիմնական գործոնը, որ ապրիլ ամսին հավաքագրվել են 180 մլրդ դրամ հարկային եկամուտներ։
«Իսկ ընդհանուր առմամբ տնտեսության որոշակի աշխուժացման գործընթացը և իրականացվող վարչարարությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների, մեր տնտեսվարողների կողմից իրավիճակը ռեալ գնահատելու արդյունքում բարձրացել է քաղաքացիների հարկային կամավոր կարգապահությունը, հարկեր վճարելու մշակույթի հարցում մենք առաջընթաց ունենք»,-հավելեց ՊԵԿ նախագահը։