Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.:
Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է: