Հայաստանում կավելանա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վարչական վերաքննիչ դատարանի և Սնանկության ճանաչման դատարանի դատավորների թիվը: Որոշումը կայացվել է հունիսի 3-ին կառավարության նիստում:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դատավորների քանակն ավելացնելու առաջարկը եղել է Բարձրագույն դատական խորհրդից:
Մասնավորապես՝ ՀՀ սնանկության դատարանում կավելանան աշխատակազմի 4 հաստիքներ, 3-ական` Վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վարչական վերաքննիչ դատարաններում:
Երկրի Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր գործը քննարկել անկախ, անկողմնակալ դատարանում` արդար, հրապարակային և ողջամիտ ժամկետում: Մինչդեռ դատավարության իրավունքի ողջամիտ ժամկետում իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը դատավորների բացակայությունն է:
Ներկայումս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում կա 16 դատավոր, ինչը դատավորների նվազագույն թիվն է այս դատարանի համար: 2020-ի ընթացքում ստացվել է 6417 դիմում, մինչդեռ 2019 թվականից փոխանցվել է 790 անավարտ գործ, ընդհանուր առմամբ 7207 գործ, որից ավարտվել է 6651-ը , իսկ 556-ը մնացել է անավարտ: