Հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեցին հետևյալ բովանդակությամբ․ «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»։
Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա:
Ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:
Հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի: