ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:
Նախկին զինվորականն աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել է Թուրքիա և հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
Միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:
Հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:
Նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը։
Կազմակերպված խմբի անդամներից մեկը լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն:
Խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, իրենց մոտ պահել և օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: