Այսօր՝ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր կտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:
Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:
Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:
Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում»,- գրել է ՄԻՊ-ը։