Համացանցում է հայտնվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում գտնվող Արմեն Չարչյանի և բժշկական կենտրոնի աշխատակիցների միջև խոսակցության ձայնագրությունը, որում վերջինս կենտրոնի աշխատակիցներից պահանջում է պարտադիր կերպով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն-ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք՝ ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա, չէ՞, համարժեք պատասխան»,- նշել է Չարչյանը։
Նա հայտնել է, որ հանձնարարել է բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը հունիսի 20-ին իրենք ստուգեն, հետևողական լինեն, մի քանի անգամ կարող է իրենց զանգեն, մինչև չգնան ընտրությունների։
«Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է։ Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն, քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է, և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։….Ես ձեզ չեմ հորդորում՝ գնացեք, քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»,- նշել է Արմեն Չարչյանը։