ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2021թ.հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ իր անունով գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի՝ մասնավորապես օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և այն անձանց հասցեին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այս կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ:
Նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արթուր Այվազյանն ազատամարտիկ է։