Կառավարությունում այսօր լրագրողները Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին հարցեր են ուղղել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին։
Հարցին՝ ինչո՞ ւ եք ծեծել նրան՝ Խաչատրյանը նշել է․
«Բայց ո՞վ է ասում, որ ծեծի եմ ենթարկել»։
Դիտարկմանը, թե Օձունի համայնքապետը հաստատել է, մարզպետն արձագանքել է. «Եթե հաստատել է, դա փա՞ստ է։ Նման բան չի եղել, նման բան տեղի չի ունեցել»:
Հարցին՝ այդ դեպքում Օձունի համայնքապետն ինչի՞ հիման վրա է դիմել Ոստիկանություն, նա արձագանքել է՝ դիմել է, թող Ոստիկանությունը զբաղվի:
Հիշեցնենք, որ մարզպետարանի շենքում ծեծի ենթարկված Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր Արսեն Տիտանյանը։
Նա հիվանդանոցում բուժզննություն է անցնում և փոխանցել է, որ մեր հարցերին պատասխանել չի կարող։
Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ գյուղապետին ծեծի են ենթարկել։
Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին հաղորդել է, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա հարուցել քրեական գործ։