Ադրբեջանի Հանրապետության տարածքում օտարերկրյա փաստաբաններին գործերի քննությանը մասնակցելու թույլատրում են միայն փոխհամաձայնության հիման վրա՝ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց կողմ է հանդես գալիս Ադրբեջանի Հանրապետությունը:
Այս մասին Turan գործակալությանը հայտնել Է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բագիրովը՝ անդրադառնալով հայ փաստաբանների՝ Ադրբեջան մեկնելու և դատարանում հայ գերիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու մտադրությանը։
«Ակնհայտ է, որ դա պոպուլիզմ է։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի փաստաբանների պալատը և նման հայտարարություններով հանդես եկած անձինք շատ լավ գիտեն, որ Փաստաբանների և փաստաբանական գործունեության մասին ադրբեջանական օրենքի համաձայն ՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում օտարերկրյա փաստաբանները կարող են գործերի քննությանը մասնակցել միայն միջազգային պայմանագրերին համապատասխան փոխադարձ համաձայնության հիման վրա: Իսկ Հայաստանի հետ մենք նման պայմանագիր չունենք և, ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք»,- ասել է Բագիրովը։
Հիշեցնենք, որ Բաքվում մեկնարկել են այնտեղ գտնվող մեկ տասնյակից ավելի հայ գերիների դատական գործընթացները։ Վերջին օրերին հայկական փաստաբանական հանրությունը հայտարարություններով հանդես եկավ՝ ցանկություն հայտնելով հանդես գալ Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության դիրքերից։
Հիշեցնենք, որ նախօրեին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է մեկնել Բաքու և պաշտպանել հայ ռազմագերիների իրավունքները: