Այսօր` ժամը 15։00-ին, Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ. այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին /թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար, պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։
Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ըստ ՀՔԾ քննիչի` Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։