«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր կան՝ առաջարկելով կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, կամ մանդատների բաշխման նոր կարգ. այս մասին ՍԴ նիստում ասաց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Հայաստան» դաշինքն ակնկալում է, որ ՍԴ-ն կկայացնի 3 որոշումներից մեկը, կամ անվավեր կճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ կսահմանի մանդատների բաշխման կարգ։
«Ես կարծում եմ, որ սույն վեճի լուծումը նաև ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու: Այո, մենք միանշանակ պնդում ենք, որ այստեղ անվավերության հիմքերն առկա են, պնդում ենք, որ ընտրության արդյունքներն առհասարակ անվավեր ճանաչելու հիմքերը կան: Դրանք պայմանավորված են՝ թե քանակական, թե որակական իրավախախտումներով»,-ասաց Վարդևանյանը:
Վարդևանյանը դաշինքի անունից բարձր դատարանին խնդրեց՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը, կամ նշանակել երկրորդ փուլ կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ:
Դատավոր Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձանց գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:
«Վստահված անձին ընտրությունների ընթացքում՝ մինչև 20:00-ն բերման էին ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու համար: Դեպքեր են եղել, երբ վստահված անձը ինչ-որ հայտարարություն է կատարել, նրան մոտեցել և հրավիրել են ոստիկանության բաժին, որն էլ մերժել է: Վստահված անձը պետք է լինի ընտրական տեղամասում, այլ ոչ թե ոստիկանության բաժանմունքում պարզաբանումներ տալու: Բայց ասել, որ դա էական, շատ մեծ ծավալի է եղել, ոչ»,-ասաց Վարդևանյանը:
ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: