ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը, Արմեն Պառավյանի հետ, խմբի կազմում, համալիրի աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: Դրանից հետո Ա.Բաբայանը` սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, իր կողմից ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենի բռնակով հարվածել է Արմեն Խլղաթյանի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա.Բաբայանը, երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, նույն հրազենից կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչ Արամ Կարապետյանի ուղղությամբ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է: Այնուհետև, կրկին շարունակելով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը՝ Բաբայանը նույն հրազենից կրակել է Արմեն Խլղաթյանի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նա նույն հրազենն ուղղել է համալիրի հետնամուտքի դռնից դուրս եկած Սմբատ Խլղաթյանի ուղղությամբ և ձգանը մի քանի անգամ քաշելով՝ փորձել կրակել, սակայն ատրճանակի խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:
Ա.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը