ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, և այլ խախտումներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: