Բաքվի «Ռազմաավարի պուրակում» հայ զինծառայողների մանեկենների առկայության՝ որպես մարդու իրավունքների խախտում արձանագրելու նպատակով փաստաբան Կարեն Թումանյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը դիմումը ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած վանաձորցի 6
զինծառայողների հարազատների անունից։ Դիմումի նպատակի, հնարավոր ակնկալիքերի վերաբերյալ Armenia Today-ը մեկնաբանություն է խնդրել փաստաբանից։
Հարցին, թե ինչո՞ւ է հայցը կապվում զոհված կամ անհետ կորած հենց այս զինծառայողների հարազատների հետ, փաստաբանը պատասխանեց․
«Հաշվի առնելով, որ այնտեղ (Բաքվի «Ռազմաավարի պուրակում» – խմբ․) դրվագներ կան զինվորների գերեվարման, զոհվելու, սպանվելու, դա նույնացվում է մեր զինծառայողների հետ, հետևապես՝ մանեկենները նույնացվում են կա՛մ զոհված, կա՛մ գերի ընկած զինծառայողների հետ, որոնք իրենց մոտ են եղել։ Զրո հավանականություն է, որ ողջ մնացածը՝ մանեկենի տեսքով իրենց մոտ հայտնվի»։
Պարզաբանող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ բոլոր զոհված կամ անհետ կորած զինծառայողների անունից չի ընդհանրական դիմում ներկայացվում, փաստաբանը նշեց․
«Եվրոպական դատարանը անձնական կամ իրավաբանական անձի իրավունքների հարց է քննում, վերացական հիմքով դիմումի ներկայացման այդպիսի ընթացակարգ չկա։ Եվրոպական դատարանի կանոնակարգերը չեն ենթադրում նման բան»։
Թումանյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ (կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի», իսկ 8-րդ հոդվածը զոհված և անհետ կորածների հարազատների մասով է, ովքեր, որպես դիմող, հիմնավորում են, որ իրենց անձնական, ընտանեկան կյանքի իրավունքն է խախտվել)։
«Եթե Եվրոպական դատարանը մեր մեկնաբանությունների հետ համաձայն լինի, մենք կշարունակենք նախարարների կոմիտեի հետ աշխատելը, որ խնդիրը լուծվի, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ Եվրոպական դատարանը դեռևս պետք է ընդունի, քննություն իրականացնի։ Եվրոպական դատարանի տեսակետից լրատվական այս դեմարշը լավ չի ընդունվում, այդ իսկ պատճառով այս պահին կոնկրետ ակնկալիքներ մենք չենք կարող ձևակերպել»,- նշեց Թումանյանը՝ հավելելով, որ հիմնական ակնկալիքը, բնականաբար, այն է, որ Եվրոպական դատարանը վերոնշյալ երկու հոդվածներով իրավունքների խախտում արձանագրի։
Ըստ փաստաբանի՝ ինչպես ՄԻԵԴ ներկայացվող այս դիմումները, այնպես էլ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հարցերի բարձրացումը միջազգային հանրային ճնշման օրինակ են, որոնք նպատակ են հետապնդում վերացնել ճնշումները, իրավունքի խախտումները։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ»: Պուրակում հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: