Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննության են հրավիրվել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով։
«ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ՀՔԾ-ում նախապատրաստվող գործի շրջանակներում անձանց ենք հրավիրում՝ բացատրություններ տալու։ Թե ովքեր են հրավիրվում հարցաքննության՝ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Աղվան Վարդանյանին ու Գեղամ Նազարյանին կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասել էր, որ այն Պն նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետվել, որից հետո սկսել են իրար վրա շշեր նետել։
Այդ օրը խորհրդարանում ևս մեկ միջադեպ էր գրանցվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին ելույթի ժամանակ էր ծեծկռտուք տեղի ունեցել։
Ի դեպ, միջադեպի ընթացքում վնասվել էր Գեղամ Նազարյանի աչքը։