Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանի և աջակիցների մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրա փաստաբան Արմեն Մելիքյանն ասաց, որ նոր է հանդիպել Առուշ Առուշանյանի հետ և փոխանցեց վերջինիս շնորհավորանքը Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Մելքոնյանն ասաց, որ փաստաբանական խմբով հանդես կգան միջնորդությամբ, որպեսզի փոխվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը, որը կապված չի լինի ազատության հետ։ Այդ միջնորդությանը կկցվի նաև 400 ընտրողի ստորագրությունը։
Փաստաբանը նշեց, որ անազատության հետ կապված ցանկացած խափանման միջոցի հետ համաձայն են՝ կլինի ստորագրություն չհեռանալու մասին, թե գրավ։ Մելքոնյանն Առուշանյանի ու նրա ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց այն հազարավոր մարդկանց, ովքեր մասնակից են դարձել Առուշանյանին աջակցելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են: