«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ։
Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից։
Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս 6 անձ՝ Ավետ Սարգսյանը, Սեյրան Արիստակեսյանը, Գոռ Մանուչարյանը, Գրետա Թունյանը, Նունե Գասպարյանը և Վարդան Իվանյանը։
Դատական-տեղեկատվական համակարգում որոշ մանրամասներ են հրապարակված մեղադրական եզրակացությունից։
Գոռ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, միաժամանակ՝ նշանակված լինելով Սիսիան համայնքի ղեկավարի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 594 (Ա) որոշմամբ ստեղծված, «ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9» ծածկագրով մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես և առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նկարագրված արարքը դրսևորվել է հետևյալում.
Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: