Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում, հայտնել են ոստիկանությունից։
Հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերվել են մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։
Նույն քրեական գործի շրջանակներում խուզարկվել է նաև Սիսիանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկը։
Իրավապահները հայտնաբերել են տոպրակով, փաթեթներով ու տուփերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, վեց կաթուցիչ, 350 գրամ կանեփի սերմ և «DIAZEPAM» ու «KLODON» գրառմամբ դեղահաբեր։
Բնակարանատերը ներկայացվել է հարցաքննության։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: