Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված թիվ 150 բանաձևի վերաբերյալ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ամերիկագետ Սուրեն Սարգսյան հետ:
«Բանաձևի տեքստերը նույնական են, գրեթե ոչ մի տարբերություն չկա Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունած բանաձևերի միջև՝այսինքն տեքստի բովանդակությունն, ըստ էության, նույնն է, սակայն դրանք առանձին հայտարարություններ են, բանաձևեր են և մեկը մյուսի հետ իրավական առումով ոչ մի առնչություն չունի, և քանի որ օրենք չէ, հետևաբար նախագահի կողմից վավերացման անհրաժեշտություն չի լինելու»-նշել է Սուրեն Սարգսյանը։
Սարգսյանն, անդրադառնալով Թուրքիայի արձագանքին, նշեց․ «Թուրքիայի արձագանքը բնական էր և լինելու էր այնպիսին, ինչպիսին եղավ․ Թուրքիան ասելու էր, որ սա քաղաքական մեծ խաղի բաղադրիչ էր»։
Այն հարցին, թե բանաձևի ընդունումը մեզ ի՞նչ տվեց կամ կտա, Սարգսյանը նշեց․ «Ես կասեմ՝ այս պատերազմը, իհարկե, մեր պատերազմը չէր, բայց մենք դրանից կարողացել ենք շատ ճիշտ օգտվել և կարողացել ենք մեր հաղթանակի բաժինն ունենալ։Անկախ նրանից, որ մենք այս մեծ քաղաքական պատերազմի մի մասնիկը չենք եղել ու քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենավատ մակարդակում, մերոնք ուղղակի կարողացել են գրագետ և ճիշտ ձևով այս ամենից օգտվել»։
Խոսելով մեր հետագա քայլերի մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այսքանից հետո մենք պետք է ակտիվ շարունակենք աշխատել ԱՄՆ-ի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյանների հետ․ «Հիմա արդեն այն ժամանակն է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է հստակ գնահատական տա , որովհետև այս փաստաթղթերով իր համար որևէ պարտադիր նախապայման չկա, որ նա պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և օգտագործի այդ եզրույթը»։
«Չնայած սա մեզ համար «բարոյական» հաղթանակ էր, սակայն կարող է դառնալ լավ նախադեպ հետագա քայլերի և հետագա զարգացումների համար»,-ամփոփեց փորձագետը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը։ Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը։