ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալան խոսքեր է գրել Իրանի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս համաձայնել են ձերբակալածների փոխանակմանը: «Շնորհակալություն Իրանին լիովին անկեղծ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,-նշել է Թրամփը:
Խոսքն այն մասին է, որ Թեհրանի կողմից լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ ուսանող Վան Սյուեի փոխարեն Վաշինգտոնը Իրանին է հանձնել կենսաբան Մասուդ Սուլեյմանին, ով շուրջ մեկ տարի կալանքի տակ էր Մինեսոտայում:
Ամերիկյան նախագահի նման հայտարարությունները կտրուկ ձևով հակադրվում են ՄԱԿ-ի գծով ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆտի հայտարարությանը, որ «ԱՄՆ-ն կշարունակի Իրանին առավելագույնս ճնշելու արշավը, որի համար կան շատ գործիքներ»: Քրաֆթը նաև նշում է. «Մենք չենք տեսել ոչ մի փոփոխություն նրանց վարքի մեջ: Նրանք շարունակում են միջամտել Եմենում, Սիրիայում իրադրությանը: Նրանք ամենուր են. նրանք Իրաքում են»:
Վերջին շրջանում վաշինգտոնյան վարչակազմը ակնհայտորեն կրճատել է Թեհրանի նկատմամբ հակամարտային տոնը: Այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև ձերբակալվածների փոխանակման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները: Հավանաբար կարելի է ենթադրել, որ Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական գործողության իրականացումը, որի մասին դեռ վաղուց մշտապես հայտարարում էին ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչները, հետաձգվում է անորոշ ժամկետով:
Թվարկենք մի քանի գործոն, որոնք ազդում են ամերկյան նախագահի` Իրանի դեմ պատերազմ չսկսելու դիրքորոշման վրա: Դոնալդ Թրամփը պատոնապես սկսել է նախընտրական արշավը նախագահի պաշտոնում վերընտրվելու նպատակով: Ինչպես հայտնի է, ընտրությունները կկայանան հաջորդ տարվա նոյեմբերի 3-ին:
Իրանը ոչ Իրաքն է, ոչ էլ Լիբիան: Ռազմական հակամարտությունը ռազմական առումով ուժեղ և կազմակերպված Իրանի հետ կարող է տևել բավական երկար, ինչը հավանաբար կհանգեցնի ամերիկյան զինծառայողների շրջանում ոչ այնքան քիչ կորուստների: Այդ հանգամանքը, անխոս, կօգտագործվի Թրամփի մրցակիցների կողմից նրա դեմ: Բավական բարդ է կանխատեսել, թե ՆԱՏՕ-ի իր ազդեցիկ դաշնակիցներից որոնց կկարողանա Վաշինգտոնը գրավել հակաիրանական կոալիցիայում: Հատկապես այն դեպքում, երբ, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն Թրամփից և Դաշինքի նկատմամբ նրա վերաբերմունքից: Ընդ որում Ֆրանսիան և Գերմանիան լիովին զուսպ են վերաբերում Վաշինգտոնի և Իրանի միջև հեռանկարի հարցին:
Ներկա իրադրությունում, բնականաբար, կարևոր է նաև Ռուսաստանի դերը: Դեռևս ամռանը նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք առևտուր չենք անում ոչ մեր դաշնակիցներով, ոչ մեր շահերով, ոչ էլ մեր սկզբունքներով»: Դրանով իսկ Մոսկվան Իրանին ուղղակիրոեն իր դաշնակիցն է համարել:
Ի դեպ Իրանի դեմ ռազմական գործողություններից Վաշինգտոնի հրաժարումը կհանգեցնի Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրության նվազման: Այն այսօր հետաքրքիր է ռազմավարներին Բրյուսելում և հատկապես Վաշինգտոնում հիմնականում Իրանի հետ անմիջական աշխարհագրական հարևանության պատճառով: