Այս տարվա հոկտեմբերի վերջին կսկսի գործել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Այս մասին հայտնի դարձավ օրերս, երբ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային նոտաներ փոխանակեցին համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Միության անդամների ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի կողմից 2018 թվականի մայիսի 17-ին ՝ Աստանայում կայացած ԵԱՏՄ 11-րդ տնտեսական համաժողովի ժամանակ։
Փաստաթուղթը կնքվել է 3 տարի ժամկետով, որից հետո այն կամ կերկարացվի, կամ էլ բանակցություններ կսկսվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիր կնքելու համար:
Ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթերում, ժամանակավոր համաձայնագիրն ուղղված է կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացմանն ու պարզեցմանը, ազատ առևտրի գոտու ձևավորման համար հիմքերի ստեղծմանը, ինչպես նաև կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցության աջակցությանը:
ԱԱԳ-ի ստեղծման շնորհիվ
1.Էապես կնվազեն ԵԱՏՄ երկրներում և Իրանում արտադրվող ապրանքների մի մասի ներմուծման մաքսատուրքերը։
Չի բացառվում, որ ազատ առևտրի մասին մշտական համաձայնագրի կնքումից հետո կարող է տեղի ունենալ մաքսատուրքերի զրոյացում կողմերի միջև։
2.ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև տնտեսական (նաև քաղաքական) համագործակցության ընդլայնում տեղի կունենա։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թեհրանի դեմ գործում են ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները։ Ավելին, երկու երկրներն էլ գտնվում են զինված հակամարտության եզրին։ Եվրասիական միության անդամ երկրներն այսօր հստակ ուղերձ են հղում Վաշինգտոնին. նրանք ոչ միայն դեմ են Իրանի մեկուսացմանը, այլև խորացնում են հարաբերություններն այդ երկրի հետ։ Այսպիսով, տվյալ դեպքում հարցը ոչ միայն տնտեսական է, այլ նաև աշխարհաքաղաքական ։
3.Հայաստանը դառնում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման և փոխգործակցության ընդլայնման առանցքային դերակատարներից մեկը։
Պաշտոնական անձինք պնդում են, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի կնքման հիմնական նախաձեռնողներից մեկը Երևանն է։ Եվ դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով, որ Իրանը հարևան բարեկամ պետություն է, իսկ Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է։ Բացի այդ, Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն Իրանի հետ սահման ունի։
Արդեն ավելի քան մեկուկես տարի է, ինչ հայ-իրանական սահմանին գործում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ)։ Միանշանակ է, որ այն կներգրավվի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կոնկրետ նախագծերում։ Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պնդում է. «Այն հնարավորություն է տալիս այս հարթակում համատեղ արտադրություն կազմակերպել։ Իրանից արտադրողները կարող են հումք ներմուծել ազատ տնտեսական գոտի և պատրաստի արտադրանք ստանալ առանց բյուրոկրատական ընթացակարգերի ՝ ԵԱՏՄ շուկա մատակարարելու համար»։
4. Հեռանկարում Երևանը հայտարարում է հավակնոտ ծրագրերի մասին և հույս հայտնում, որ Հայաստանի տարածքում «Մեղրի» ազատ տնտեսական գոտին կարող է կամուրջ դառնալ ոչ միայն Իրանի և ԵՏՄ-ի, այլ հետագայում կարող է դառնալ Իրանի և Եվրամիության միջև կապող օղակ: