Այս օրերին Հայաստանի ղեկավարության միանգամից երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ-ում։ Նրանք մասնակցում են միջազգային համաժողովների։
Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցի օրակարգում ներառված չէ ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումները։
Նշենք, որ անցած տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ առաջընթաց տեղի չի ունեցել։ Վաշինգտոնը բավական հանգիստ է ընկալում Հայաստանյան ղեկավարության արտաքին քաղաքական քայլերը։ Հայաստանը շարունակում է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը, ինչպես նաև հարևան Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ավանդական քաղաքականությունը։
Բնականաբար, Վաշինգտոնում չէր կարող դուր գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեզ համար ամենակարևորը մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելն է պնդումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թավշյա հեղափոխությանը Վաշինգտոնի արձագանքը գրեթե զրոյական էր։
Հարց է առաջանում ՝ ի՞նչ արձագանք էր ակնկալում Նիկոլ Փաշինյանը։ Եթե խոսքը գնում է Հայաստանի նոր ղեկավարությանն աջակցության մասին, դրան պետք է հաջորդեն Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի համապատասխան փոփոխությունները՝ հօգուտ Արևմուտքի և, մասնավորապես, Վաշինգտոնի։ Համապատասխան արձագանքի բացակայությունը վկայում է, որ ԱՄՆ-ը նման փոխակերպումներն անիրատեսական է համարում։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը ցանկանում է խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները։
Օրերս Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ կոնկրետ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կազմել օրակարգ։
Համաձայն մի շարք փորձագետների՝ երկկողմ հարաբերությունները խորացնելու համար անհրաժեշտ է այդ ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել: Հայաստանը պետք է կոնկրետ, հստակ ծրագրեր ներկայացնի իր ամերիկացի գործընկերներին, հակառակ դեպքում, Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ առաջին քայլերը չի ձեռնարկի։
Պաշտոնական Վաշինգտոնը Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է Հարավային Կովկասում, Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։
Այս տարածաշրջաններում, ինչպես հայտնի է, Մոսկվան ու Վաշինգտոնը սուր պայքարի մեջ են։