Պակիստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել պակիստանյան արտադրության JF-17 կործանիչներ: Այս մասին հաղորդում է Daily Times թերթը: Դեռևս օգոստոսին Բաքվում Պակիստանի Իսլամական Հանրապետության դեսպան Սաիդ Հան Մոհամադը հայտարարել էր. «Ադրբեջանը գնել է մեր երկրից 10 ինքնաթիռ: Ներկայումս մենք պատրաստվում ենք այնտեղ ուղարկել JF-17 ինքնաթիռներ»:
Թեթև, բազմակողմ JF-17 Thunder կործանիչը չինական J-7-ի արդիականացված տարբերակն է, որն իր հերթին խորհրդային МиГ-21 –ի շարունակությունն է, որը հայտնի է 20-րդ դարի երկրորդ կեսին բազմաթիվ տեղային պատերազմներում և հակամարտություններում մասնակցությամբ: JF-17 նախատեսված է «օդ-օդ» և «օդ-ցամաք» 100 կմ հեռահարությամբ տարածքի վրա հրթիռներով թիրախի խոցման համար:
Բաքվի և Իսլամաբադի ռազմական համագործակցույթունը մեկ տասնամյակ չէ, որ ձգվում է: Այն առավել սերտացել է 2014թ. Երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ: Ոչ այդքան վաղ Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել նաև շուրջ 10 ռազմաուսումնական «Սուպեր Մուշակ» ինքնաթիռ: Արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է 500 կմ հեռահարության պակիստանյան օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների վաճառքի հարցը:
Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերությունը շահագրգռվածություն է արտահայտել Ադրբեջանի հետ ցամաքային, ռազմածովային և ներքին զորքերի զինման ոլորտում համագործակցության հետ կապված: Ըստ ընկերության ղեկավարի խոսքի` «մենք ներքին զորքերին ենք տալիս սաղավարտներ, ունենք պայմանագրեր ռազմածովային և ցամաքային ուժերի հետ»: Միաժամանակ վերջինս արտահայտել է Ադրբեջանին ձեռքի նռնականետերի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հետաքրքրվածության մասին: Ընդ որում` պակիստանյան ռազմական փորձագետները մշտապես մարզումներ են անցկացնում ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներում: Բանակցություններ են ընթանում համագործակցության խորացման և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Խոսքը, մասնավորապես, համատեղ ռազմական ձեռնարկությունների կառուցման մասին է: Կան նաև համատեղ ռազմական զորավարժություններ անցկացնելու պլաններ:
Սերտ ռազմական կապերն այն բանի վկայությունն են, որ Ադրբեջանի և Պակիստանի միջևև երկկողմ հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ: Ընդ որում Պակիստանը միակ պետությունն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրաետությունը: Իսլամաբադի պաշտոնական ներկայացուցիչները դա բացատրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին միանշանակ աջակցելով: Ավելին, 1993թ. հենց Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ նախաձեռնեց այս հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: