Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել:
Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում:
Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը: