Հայաստանի Ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» կրթության բարելավման եռամյա ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվամբ։ Ծրագրի նպատակն է ԲՏՃՄ առարկաներն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Այսօր տեղի է ունեցել ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին նվիրված առցանց միջոցառում, որին մասնակցել են ծրագրում ներգրավված ուսուցիչները և փորձագետները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը:
ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը՝ կարողությունների զարգացման գործընթացում շեշտադրելով մարզերի ուսուցիչների ներգրավման հնարավորությունը. «Խորհրդանշական է, որ ծրագրի 2-րդ փուլը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի հաստատումից հետո, որով հստակ ամրագրվում է պետության կրթական քաղաքականությունը, մասնավորապես, ԲՏՃՄ ուղղությունը զարգացնելու և կրթական արդյունքը բազմապատկելու առումով: Հետևաբար պետական քաղաքականության և այս ծրագրի միջև կապն ակնհայտ է, և ինչ-որ առումով ծրագիրը կարող է դառնալ չափորոշչի փորձարկման, ինչպես նաև մարդկային կարողությունների զարգացման հրաշալի հարթակ»:
Ներկայում ուսուցիչների թիմը շարունակում է ռեսուրսների մշակման աշխատանքները և առաջիկա ամսվա ընթացքում պլանավորում ավարտին հասցնել ԲՏՃՄ առարկաներից ևս 600 ռեսուրսների մշակումը։ Այդ բոլոր ռեսուրսները անվճար հասանելի կդառնան ծրագրի հարթակում, որի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի գարնանը։ 2-րդ տարվա աշխատանքներում կներգրավվեն նոր ուսուցիչներ, որոնք կշարունակեն ռեսուրսների մշակման աշխատանքները՝ համալրելով հանրակրթական պետական և առարկայական նոր չափորոշիչներին համապատասխան մշակվող ռեսուրսների շտեմարանը»,-ասված է հայտարարության մեջ: