Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի հսկողությունից դուրս հայտնված պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր նշանակություն ունի:
«Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով: