Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Մայրենիի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ բոլորիս թերևս ամենալուսավոր տոնի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, օր, որը չափազանց պարտավորեցնող է, հատկապես՝ մեր օրերում՝ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, և, միաժամանակ, մայրենիի հանդեպ ծառացած խնդիրներին անդրադառնալու և արդյունավետ լուծումներ փնտրելու յուրօրինակ առիթ է:
Հիրավի, տարեցտարի ավելի ու ավելի շատ միջոցառումներ ենք կազմակերպում՝ նվիրված մայրենիին, գիտակցում ենք, որ այն յուրաքանչյուր հայիս համար խորհրդանշական իմաստ ունի, որ հայոց լեզուն մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունը և արժանապատվությունը, բայց և միաժամանակ արձանագրում ենք, որ շատ են նաև անելիքները, որոնք գլխավորապես պայմանավորված են արդի մարտահրավերներով: Այո՛, մարտահրավերները միշտ են եղել՝ մեր ծննդյան օրից առ այսօր, սակայն ներկայումս այլ են դրանք, այլ տեսքով, այլ բովանդակությամբ, թեև յուրաքանչյուրն էլ դժգույն սպառնալիք է մեր ինքնությանն ու գոյին: Ու ինչպես մեր պատմության օրհասական պահերին, այսօր ևս հայերենը, հանց բացառիկ ալմաստ վահան, չի ընկրկում ժամանակի և ճակատագրի հարվածներից. նա ամուր է իր հզոր Արարատի պես, անհաղթելի Հայկ նահապետի, հազարամյա հայի, ոչնչից և երբեք չվհատվող արցախցու պես: Պարզապես, մեր հոգատարության կարիքն ունի, մեր հարգալից վերաբերմունքի, անմնացորդ սիրո և նվիրումի»: