«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին:
«ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային խումբն առաջիկայում կլրամշակի՝ լայն հանրային քննարկման ներկայացնելու համար: Երիտասարդության ոլորտի զարգացման համար ուղենշային այս փաստաթուղթն առաջիկա շաբաթներին պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ: Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախագիծը քննարկվել է նաև փոքր խմբերով, և ներկայացվել են դրա արդյունքները: