Հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:
Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված տվյալները` գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:
Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները:
Համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.
- գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
- տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),
- բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ),
- կոմունալ ծախսերի համար՝ ամսական 200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
- վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։