Հայտարարությունում ասվում է, թե օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են առանձին կարգավորումներ, որոնք առերևույթ խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ համապատասխանության տեսանկյունից։ Դրանում մանրամասն ներկայացված են Մայր օրենքին չհամապատասխանող բոլոր կարգավորումները: Օրինակ՝ խնդրահարույց են հանրային բուհի կառավարման մոդելի՝ խորհրդի կազմը ձևավորելու հետ կապված կարգավորումները:
Բացի դրանից՝ էականորեն նվազեցվել է կառավարման խորհրդի անդամների թիվը՝ ընդամենը ինը հոգի։ Ընդ որում՝ խորհրդի անդամների կեսից ավելիին նշանակում է լիազոր մարմինը, ինչն ուղղակի միջամտություն է բուհական ինքնավարությանը։
Կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաև ռեկտորի ընտրության վրա։ Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։
Բացի այդ՝ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության միջոցով վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին։ Հայտարարությունում նշվում է, որ այս մոտեցումն արդարացի չի կարող համարվել: Կրթության և գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը, և 65/70 տարին այն տարիքը չէ, որ գիտնականն այլևս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթացը:
Նշենք, որ տարածված հայտարարությունում ներկայացված են Սահմանադրությանը չհամապատասխանող այլ կարգավորումներ ու դրույթներ ևս, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում: