Կառավարության այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստին ընդունվեց նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման կարգը որոշելու հարցը։
Այլընտրանքային ծառայությունները չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը երկրում, որտեղ չկա նախադպրոցական ծառայություն։ Ուստի առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։
Հարցը հատկապես կարևոր է սոցիալական տարբեր խմբերի համար հասանելիության ապահովման նպատակով, ինչպես սոցիալապես անապահով ընտանիքների, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այնպես էլ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովումը։
«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն հետևյալ արդյունքները.
1) նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն,
2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմներ,
3) սոցիալական տարբեր խմբեր կստանան նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ,
4) նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
5) երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական հիմքի ապահովում,
6) նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հատկապես գյուղական համայնքներում կկրի ավելի կայուն և շարունակական բնույթ՝ ի հաշիվ պետական աջակցության:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հավանություն տվեց նախագծին՝ նշելով, որ այսուհետ աշխատավարձերի բարձրացում կնախատեսվի այն ուսուցիչ-դաստիարակների դեպքում, ովքեր ատեստավորում են անցել։
Մանրամասները՝ տեսանյութում։