Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:
ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր գնահատեց այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:
Նշենք, որ վերջին օրերին տարբեր հասարակական շրջանակներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։