Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ նախօրեին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, աջակցել շինարարական աշխատանքների իրականացմանը և ապահովել են անհրաժեշտ գույքի և սարքավորման մատակարարման անվտանգությունը:
Խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, որոնք ուսումնական գործընթացն անցկացնում են այնպես, որպեսզի լրացվի բացը, որն առաջացել է հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով:
Նշվում է, որ ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում ևս իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են տարածքների և օբյեկտների ականազերծումից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Նրանք ոչ միայն ապահովում են արցախցիների անվտանգությունը, այլ նաև անում են հնարավորը՝ Արցախում կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։