ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԱԾ-ն։
Հաղորդվում է, որ մեկ անգամ այս հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը՝ «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»:
Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել և Facebook սոցիալական ցանցում հայտարարել, որ աշխատակիցները զանգվածաբար լքում են համակարգը։