Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել, որ, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն նոր սահմաններ են գծվում։ Եվ հայկական ջոկատներին հրամայել են 746 մետր հետ գնալ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Նա իր զորքի հետ, սակայն, սահմանից հետ չեն քաշվել։ Արգամ Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է՝ համայնքի 11 երիտասարդի հետ դիրքերում են և պաշտպանվում են գյուղի սահմանները։
Արավուսի վարչական ղեկավարն ադրբեջաներեն շուրջ 5 ժամ բանակցել է ադրբեջանական զինված ուժերի գնդապետի հետ։
«Եկել ասել է՝ մեզ հրաման են տվել և պետք է կատարենք, հակառակ դեպքում, «պագոններս» կպոկեն։ Ասել է՝ չի լինի՞ գամ մոտդ կանգնեմ։ Հարցրել եմ՝ ուզո՞ւմ ես գաս մոտս նստես, դե արի։ Պահանջում են, որ մեր պահուստային հողերն իրենց տանք՝ GPR սարքի քարտեզագրման հետևանքով։ Ադրբեջանցի հրամանատարն ասել է՝ ինձ վատություն մի արա։ Ես էլ պատասխանել եմ՝ ինչի՞ պետք է վատ բան անեմ։ 1974 թվականի քարտեզ էր բերել։ Ասել եմ, այ թուրք ջան, դու իմ սեփական հողը վերցնում ես։ Այն ժամանակ ես մեր կադաստրին ասել եմ՝ սա մեր հողն է պայմանագիր կապի։ Պայմանագիր չեն կնքել՝ պատճառաբանելով, որ սահմանից դուրս են այդ հողերը»,- ադրբեջանցու հետ քննարկումներից մանրամասներ ներկայացրեց նա։
Մառախուղը խանգարել է, որ սահմանի ճշգրտման աշխատանքներն ավարտվեն։ Առանց որևէ պայմանավորվածության՝ ադրբեջանցի հրամանատարը հեռացել է, բայց խոստացել է կրկին վերադառնալ և հարցը վերջնականապես լուծել։
Հավելենք, որ Տեղ համայնքը 60 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին, հատվածներ կան, որ հակառակորդից գտնվում են ընդամենը 50 մետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն տարածվեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։
Ինչպես գիտենք, ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։