Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքները, Արցախյան պատերազմի առաջին օրից սկսած, եղել են բավական հագեցած: Բացի իր հիմնական գործառույթներից՝ նախարարությունը մասնակցել է հումանիտար բեռ բաշխելու գործընթացներին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ իրենց գերատեսչությունը մարդասիրական օգնությունը պահեստավորել, սորտավորել և ուղարկել է Արցախ, ՀՀ մարզեր և Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Սա միակ աշխատանքը չի եղել, որ ՀՀ ԱԻՆ-ը կատարել է Արցախյան պատերազմի ընթացքում։
«ԱԻՆ-ն իրականացրել է նաև վիրավորների տեղափոխում և առաջին բուժօգնության ցուցաբերում։ Ունեցել ենք դաշտային հոսպիտալ։ Մեր աշխատանքի անբաժանելի մասն է կազմել Արցախում հրդեհների մարումը, ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև վիրավորների և զոհվածների մարմինների դուրս բերումը մարտական գործողությունների վայրերից»,- հավելեց փոխնախարարը՝ նշելով, որ փրկարարներից և հրշեջներից կազմված կամավորական ջոկատ է ձևավորվել և 227 հոգի մեկնել է առաջնագիծ։
Նա տեղեկացրեց, որ Արցախում որոնողական և փրկարարական աշխատանքներն իրականացնում են արցախցի և ռուս փրկարարները։
Պատերազմը նաև վեր է հանել խնդիրները։
Արմեն Փամբուխչյանը մատնանշեց, որ անելիքներ ունեն քաղպաշտպանության ոլորտում, ինչի լուծմանը նախարարությունն ուղղել է բոլոր ջանքերը։ Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով քննարկվում է հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների ներդրման հարցը։
Ներկայում նախարարությունն առաջացած խնդիրների հաղթահարման աշխատանքներով է զբաղվում։
«Հիմա շչակների համալրման, ժամանակավոր ապաստարանները պատշաճ վիճակի բերելու գործողություններ են կատարվում։ Բնակելի շենքերի նկուղները հիմնականում մասնավորեցվել են և ծառայում են որպես կենցաղային պահեստներ: Այդ մասով խնդիրներ ունենք, սակայն, փուլ առ փուլ գնում ենք դրանց լուծմանը, որպեսզի պատսպարվելու ժամանակավոր տարածքներ ապահովենք տվյալ շենքի բնակիչների քանակով»,- ասաց նա։