«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գերիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց»,- ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների ու անհայտ կորածների խնդրի առնչությամբ:
Ըստ Ավինյանի՝ գերիների վերադարձի հարցում բոլորը բոլորի դիմաց սկզբունքն է գործել։ «Ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ առաջարկել են հետագայում գերիներ հայտնաբերելու դեպքում նրանց վերադարձնել առանց նախապայմանի, միակողմանի:
Ինչ վերաբերում է ռազմադաշտից մարմինների դուրսբերման աշխատանքին, Ավինյանը տեղեկացրեց՝ մեծ ծավալի գործ է արվել: «Նոյեմբերի 10-ից ի վեր դուրս է բերվել 846 մարմին, այդ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով,- «Անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում է եղել, 154 մարմնի ԴՆԹ հետազոտություն արվել է, 443 նմուշ դեռ հետազոտման փուլում է»:
Ավինյանի խոսքով՝ հիմա խնդիր է դրված ԴՆԹ հետազոտություների արդյունքների համադրումն ու դրանց քանակի ավելացումը: