Դեկտեմբերի 11-ից 12-ը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Վերջինին մասնակցել են պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Բանկերի միությունից, առևտրային բանկերից, խորհրդատվական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ոլորտային փորձագետներ ու իրավաբան-գիտնականներ։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների ներքո մինչև այժմ քննարկված ու իրականացված հիմնական օրակարգային հարցերը շոշափել են հանրային ոլորտի թեմաներ, ուստի այս համատեքստում կարևորվում է մասնավոր ոլորտի, գործարար միջավայրի բարելավմանը ուղղված հարցերի քննարկումը, որոնք ներառված են աշխատաժողովի օրակարգում: