ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան լայվի միջոցով հերթական զրույցն ունեցավ ժողովրդի հետ։ Նա անդրադարձավ իր հրաժարականի վերաբերյալ տարածվող լուրերին։
«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ քանիցս հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն չի եղել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ։
Կան գործընթացներ, որոնց նպատակն, ակնհայտորեն, ժողովրդին, մարդկանց ՀՀ քաղաքացիներին, ընդհանուր առմամբ, պրոցեսներից դուրս թողելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը։ Իհարկե, սա անընդունելի է, և Հայաստանի ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության ու իրադրության տերը ՀՀ-ում, և ես ուզում եմ նաև ասել, որ ինձ համարում եմ այդ իրողության երաշխավորը։
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ-ում ունի վճռական ու անշրջելի նշանակություն։ Եվ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, իսկ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը չեն կարող ունենալ որևէ հաջողություն»,- նշեց վարչապետը։
Նշենք, որ հատկապես վերջին օրերին պարբերաբար կեղծ տեղեկություններ են տարածվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ։