Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը, նշել է Հարությունյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։