Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Շնորհակալություն բուժաշխատողներին» բարեգործական ակցիան։
Դեռ պատերազմից առաջ էր պատգամավորը դիմել մի քանի ընկերությունների, որպեսզի աջակցություն ցույց տան հայրենի մարզին։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ընդառաջել է պատգամավորի առաջարկին։
Ծրագրի շրջանակներում Ճամբարակի շրջանի 120 բուժաշխատող դրամական պարգևներ է ստացել։
«Որոշեցինք Գեղարքունիքի մարզի բուժաշխատողներին շնորհակալություն հայտնել, որովհետև սպիտակ բանակը շատ ակտիվ աշխատել էր, և պետք էր արժանին մատուցել»,-Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Թագուհի Թովմասյանը։
Այսքանով չեն սահմանափակվել։ Բարեգործության հաջորդ կանգառը Վարդենիսում էր։ Պատերազմի օրերին զինվորի կյանքի համար պայքարող բուժաշխատողներին այստեղ շնորհակալություն են հայտնել՝ բարելավելով նաև նրանց աշխատանքային պայմանները։
Հատկացված գումարներով Վարդենիսի բժշկական կենտրոնի հին պատուհանները կփոխարինվեն նորով։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ շուտով Վարդենիսի հիվանդանոցում բարեկարգման աշխատանքները կսկսվեն։
Մինչև այս դրամական պարգևներ են ստացել նաև Գավառի պոլիկլինիկայի բուժաշխատողները։
Պատգամավորը, սակայն, բարեգործության հետագա ծրագրերից փակագծեր չբացեց։