Կառավարությունը չհաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի նշանակման հարցը, և այն հետաձգվեց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց հաստատել տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի նշանակումը։
Նշենք, որ հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին դիմել էին երկու հավակնորդ՝ Դիանա Գալոյանը և Տիգրան Մարտիրոսյանը։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26 անդամներից 22-ը կողմ են եղել Դիանա Գալոյանի թեկնածությանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանի օգտին 1 քվե է գրանցվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը տնտեսագիտականի խորհրդի անդամ է, հիշեցրեց, որ դատարանի կողմից որոշում է եղել ընտրության արդյունքները կասեցնել։ Նա առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի պնդմամբ՝ հարցը չհաստատելու ֆորմալ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ անընդհատ ձգձգումների պատճառով միայն բուհն է տուժում։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն, որոշեց մեկ անգամ էլ քննարկելուց հետո որոշել Դիանա Գալոյանի նշանակման հարցը։
Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, նշանակված չէ այդ պաշտոնում։