Սյունիքի մարզի բնակիչները փակել են Մ2 մայրուղին։ Քաղաքացիներն իրենց մեքենաներով փակել են Կապանից դեպի Մեղրի ձգվող գլխավոր ավտոճանապարհի մի հատված՝ բողոքելով սահմանների անվտանգությունից։ Կապանից Մեղրի ձգվող ճանապարհը փակած Սյունիքի սահմանների անվտանգության խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ հանդիպելու էր եկել Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, սակայն, նա ևս չկարողացավ համոզել ապաշրջափակել ճանապարհը։ Սյունեցիները պահանջում են հանդիպում այնպիսի մի մարդու հետ, որը կպատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին։ Նրանք նշում են, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չի կրում, և իրենք ընդամենը սահմանի անվտանգության երաշխիքներ են ուզում։ Ակցիայի մասնակիցները նկատում են, որ Կապանի օդակայան տանող ճանապարհն ընկնում է սահմանից 300 մետր հեռավորության վրա, իսկ Կապան-Գորիս ճանապարհը տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, որը, բնականաբար վտանգավոր է այդտեղով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար։ Եվ, վերջիվերջո, սյունեցիներն անհանգիստ են իրենց մարզի ապագայով, քանզի՝ եթե վտանգված է իրենց երեխաների կյանքը, ապա Սյունիքը ժամանակի ընթացքում կհայաթափվի։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Սյունիքի մարզ է մեկնել ՀՀ Պնախարար Վաղարշակ Հարությունյանը՝ տեղում վիճակն ուսումնասիրելու ու խնդիրները կարգավորելու նպատակով, սակայն, մինչ այժմ բողոքի ակցիայի մասնակցներին նա չի հանդիպել։
Ի դեպ, քիչ առաջ նրանց հետ հանդիպման եկավ Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որը հավաստիացրեց, որ սահմանների անվտանգությունը կապահովվի, և կապահովեն ոչ թե գյուղացիները, այլ՝ սահմանապահնեը։ Հակառակ դեպքում՝ եթե պետք լինի հավաքվել ու գնալ կռվել, կհավաքվեն ու կգնան։ «Մենք այսօր պիտի վախենանք, որ վաղը էլ չվախենանք»,-ասաց Պողոսյանը։