Վաղը մինչև 17.00-ն Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Նրա խոսքով՝ դրանք այն տարածքներն են, որոնք հայկական զինված ուժերը զբաղեցրել են մինչև նոյեմբերի 9-ը՝ Կապանի անվտանգության գոտին ապահովելու համար։ Քաղաքապետը նշեց, որ դրանք նպաստավոր բարձունքներ են։
Նոր սահմաններով Կապանի բնակելի հատվածից հակառակորդը լինելու է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա։
«Կապանը դառնում է անպաշտպան, որի մասին արդեն մեկ ամիս է՝ ես խոսում եմ։ Ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի և հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»,- նշեց նա։
Գևորգ Փարսյանն ասաց՝ ինքը կասկածներ ուներ, որ այս իշխանության ժամանակ անվտանգության խնդիրներ կունենան։
«Դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում։ Գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ»,- նշեց նա։
Կապանի քաղաքապետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։
Փարսյանը տեղյակ է, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարզում է, բայց դեռ Կապան չի այցելել։
Հիշեցնենք, որ այս պահին էլ շարունակվում է Կապանի և հարակից համայնքների բնակիչների բողոքի ակցիան։ Սյունիքի մարզի բնակիչները իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետ ՀՀ և Ադրբեջանի սահմանները հստակեցված չեն։