Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է կառուցել Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված :
Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով ներկայումս քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն:
Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և որպես հետևանք հաճախակի բերում է տրանսպորտի երթևեկության պարալիզացմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Հյուuիuային և հյուuիu-արևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իր վրա է վերցնում, բացառապեu, Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում:
Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է: Նշված խնդրի կարգավորման խնդրանքով Երևանի քաղաքապետին է դիմել նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Մամիկոնյանց փողոցի բնակիչների դիմում-խնդրանքը:
Հաշվի առնելով վերը նշվածները, մշակվել է Մամիկոնյանց փողոցի միացումը Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման նախագիծը: Այն կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:
Ըստ գնահատողի ներկայացված հաշվարկների փոխհատուցման համար անհրաժեշտ է 184 361 000 ՀՀ դրամ: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով անհրաժեշտ է ևս 15 տոկոս համարժեք փոխհատուցում՝ շուրջ 27654150 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/1 հասեցեի սեփականատեր Էդուարդ Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 29600000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/2 հասցեի սեփականատեր Էդգար Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 34800000 ՀՀ դրամ) դիմել են Երևանի քաղաքապետին, նշված գույքերը նույնպես ազդեցության գոտում ներառելու խնդրանքով: Նշված գույքերը օտարման գոտում ներառելու դեպքում, անհրաժեշտ կլինի լրացուցիչ 74060000 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր գումարը նախնական կկազմի 286075150 ՀՀ դրամ:
Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը: