Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: