Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի առջև քիչ առաջ հաջողվել է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին», – նշել է Մարուքյանը։
Նշենք, որ այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա էր անցկացրել։