Կհայտարարվեն նոր մրցույթներ, ամենօրյա ուշադրության կենտրոնում է թեժ գծի աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է
տարածել ՀՀ կադաստրի կոմիտեն։
«Յուրաքանչյուր երկուշաբթի օրվա աշխատանքային խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն սկսեց՝ մեկ անգամ ևս ընդգծելով հանձնարարականները ժամանակին և առանց թերացումների կատարելու կարևորությունը։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց «ARPIS» համակարգից պետական մարմիններին տրամադրվող տեղեկատվության համապատասխան ձևանմուշի կապակցման ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկվեցին «Map module» համակարգից գեներացվող ձևանմուշի մեջ հավելյալ տեղեկատվություն ներառելու տարբերակները։
Վարձակալությունների դադարեցման գործընթացն առավել կառավարելի դարձնելու վերաբերյալ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծի մասին տեղակալ Նարինե Ավագյանը զեկուցեց, որ մեկ անգամ ևս քննարկում կլինի առաջարկությունը ներկայացրած պատգամավորների հետ, որից հետո կորոշվի այն շրջանառության մեջ դնելու հարցը։
Այս շաբաթ կներկայացվի նաև կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի վերջնական տարբերակը։
Խոսելով պիլոտային 4 համայնքների քարտեզագրական նյութերը գեոպորտալին կապակցելու աշխատանքների մասին՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը նկատեց, որ թեկուզ քարտեզների համադրումներ ունենալով, այս փուլում տվյալների կապակցումը ճիշտ է՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատելու համար։
Նախորդ շաբաթ փորձարկվել, հիմա էլ վերջնական տեսքի է բերվում կոմիտեի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերջնական տարբերակը։
Կոմիտեն վերսկսել է թափուր պաշտոնների համալրման համար հայտարարվող մրցույթների անցկացումը, և անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդանուշ Բոյախչյանին հանձնարարվեց ըստ առաջնահերթության կազմակերպել մրցույթների անցկացումը։
Ինչպես ամեն շաբաթ, այս անգամ ևս ներկայացվեցին կոմիտեի թեժ գծի հեռախոսազանգերին պատասխանելու արդյունքները, յուրաքանչյուր մասնագիտական վարչության ներգրավման, հնարավորինս անպատասխան զանգեր չունենալու հարցերը»։